Տոհմապորտով, յոթը պորտով իրենց սարերին կպած և ոչ մեկը էնպես չի ճանաչում իր սար ու լեռները, ինչպես Ձորը` Լոռու ձորը։ Սարերը, լեռները, բլուրները, ժայռերը, ծապանները թեթև-թեթև, ծանր-ծանր ելնում են Ձորի շալակը։ Մի ճախր է սկսվում, սարերի, լեռների, բլուրների, ժայռերի մի անուշ ճախր, որ անտառն ընկած երկինքը փորձում է թևին տալ, ավելի բարձրանալ, որ հին երկինքների արանքներում մի կերպ տեղավորվի, շուլալվի, աչք բացի, նորից զարմանա լեռնախաղով։ Վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը քամու բերանն ընկած ամպ են դառնում, իջնում են, բարձրանում, սեր ու խունկ են արարում-թափում։
Ձորը չի դիմանում հմայքին։ Ինչո՞ւ է ինքը ձոր։ Բոլոր սարերը, բոլոր լեռները ծնվել են իրենից։ Ո՞ր սարի, ո՞ր լեռան ծնունդը չի կապվում իր անվան հետ։ Ոչ մեկին չի մոռանում։ Սարեր են, ծնվել են սարերում, ապրում են սարերում։ Լեռները հպարտ են, որ երկինքներն իրենց կապույտ շունչը պահում են, խառնում իրենց շնչին։ Հին ու նոր սարեր են, լեռներ են, իրար աչքի նայելով ապրում են իրենց օրը։ Սարն իր սարերն ունի, ուզում է էլի ունենալ, կաղնուտն ուզում է ավելի բարձրանալ, թուփն ուզում է ծառ դառնալ։ Բուրում են, ամեն ինչ, ամեն բան բուրում է։ Ժայռերը ե՞րբ սովորեցին բուրմունքներ առնել ու բուրել։
Լոռու ձորին թվաց, թե ինքը ծերացել է, ծերացել է իր գետը, իր սարերը, լեռները հեռացել են իրենից, կամաց-կամաց մոռանում են լեզու, բարբառ։ Մարդ էլ իր հոր ճամփան մոռանա՞։
Ձոր էր, նայեց ինքն իրեն` ինչ ունի, ինչ չունի։ Նախ` ձենը փորձեց։ Ձորի ձենն իր ականջն ընկավ։ Մի երկու անգամ Դեբեդով ողողի` տեղը կգա, դեռ ինչ տարիքում է, որ ձենից, մի տեղի ցավից բողոքի։ Առողջ, լիքը ձոր է` Աստծո երանին մեջն օրորվում է, գնում-գալիս, ճոճվում, սիրուն-սիրուն, թիթեռ-թիթեռ օրորվում է։
Ձորի ձենի վրա սարերն իջան, լեռներն իջան, բլուրներն իջան։
Վանքերն իջան, եկեղեցիներն իջան, խաչքարերն իջան, մատուռներն իջան։
Ձորի ձենի վրա ամպերն իջան, անտառներն իջան, կայծակներն իջան, անձրևներն իջան։ Ծովինարներ կապվեցին, ծիածաններ խաղացին։ Ծով դարձավ երկինքը, ծովերը մտան ճամփաները, կածանները։
Ձիերը խրխնջում են` իրենց լեռներն են ուզում։
Երկինք-երկիր շուռ են եկել, խառնվել, հունցվում են։
Հրա՜շք է` եկեղեցիներն ալեկոծվում են։
Խաչքարերը ծաղկեփնջեր են վերցրել ու թափահարում են։
Բոլորը Ձորն են լցվում։
Լցվում են, լցվում։ Թող Ձորի աչքը լցվի՜, չվախենա։
Ձորը ծննդյան օր ունի։ Էսօր Լոռու սարուձորերը, աղբյուրները, գետերը, առվակները, տները, աստղերը, անտառները, ձորակները, ձայները... լցվել են Լոռու ձորը։ Նշում են։ Հիշում են։ Ոչ մի զավակ չի մոռացել։ Ձորակ դառնան, բլուր, լեռ, սար, էս Ձորի ծիծը կերած, ժայռերը համբուրած զավակներ են, Ձորի շվաքից ո՞ւր պիտի հեռանան։
... Պատանի Հովհաննես Թումանյանն ամբողջ մի օր շունչը պահած, Քոշաքարից զարմացած նայե՜ց, նայեց ու զարմացավ.
-Էսպես էլ օ՞ր կլիներ...
Աստված Քոշաքարում ձեռքը դրեց պատանի Հովհաննես Թումանյանի ուսին, շոյեց նրան ու ասաց.
-Զարմանալու բան չկա, Աստծո տված օր էր։ Զավակները հիշել էին իրենց ձորը։
Պատանի Հովհաննեսը խճճվել էր երեկվա պատկերների, տեսիլների մեջ։ Էս ի՜նչ ձայներ կան աշխարհում։
Եվ ջահել Աստված նայեց պատանի Հովհաննես Թումանյանին.
-Երեկվա օրն էլ Աստծո տված օր էր։ Դեռ էնքան օրե՜ր են գալու։ Ձորի բերած, Ձորի կանչած, Ձորի անուշ օրեր։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ